Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 19-ից կգործեն ամենօրյա ռեժիմով
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից սկսած կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նշենք, որ տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում:
Ռ.Մակարյանն ասաց, որ տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
«Վերավաճառողների մուտքն արգելված է, իսկ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից գյուղացիներին տրամադրվում են տեղեկանքներ, որոնք հաստատում են տվյալ մթերքը գյուղացուն պատկանելու փաստը»,- ասաց նա:
Ռ.Մակարյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Արաբկիր և Կենտրոն համայքներում ընդհանուր առմամբ կազմակերպվել է 82 գյուղատնտեսական տոնավաճառ, որոնց մասնակցել է 10800 գյուղացիական տնտեսություն: