Թուրքիա չմեկնելու Լավրովի կոչը տագնապ է առաջացրել Թուրքիայում
Թուրքական F-16 կործանիչների կողմից Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) պատկանող SU-24 ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Թուրքիա մի գնացեք» կոչից հետո թուրքական զբոսաշրջային ընկերությունները տագնապի մեջ են:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքը Լավրովի կոչի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Այդ դեպքում մենք կորած ենք»:
Այըքը նշել է, որ Ռուսաստանից տարվա մեջ ավելի քան 4 մլն զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա:
«Սա անտեսելը հեշտ չէ: Մենք չենք կարող կորուստներ թույլ տալ: Առանց այդ էլ այս տարի գրեթե 800.000-ով ավելի քիչ ռուս զբոսաշրջիկներ ունեցանք: Զբոսաշրջությունը շատ ծանր կացության մեջ հայտնվեց»,- ընդգծել է ֆեդերացիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ռուս զբոսաշրջիկների թվի անկման պատճառով հարկադրաբար այլ ոլորտներում զեղչերի ու զիջումների են գնացել, բայց զբոսաշրջիկների բացակայության պատճառով կրած կորուստները փոխհատուցել չի հաջողվել: