Միրչա Լուչեսկու. «Ռեալի» հետ խաղում միակ դրականը վերջին 20 րոպեն է»
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից (3:4) հետո շեշտել է, որ իր թիմի խաղի վրա ուժեղ ազդեցություն է թողել առանցքային որոշ խաղացողների բացակայությունը: Ուկրաինական թիմը մինչև 77-րդ րոպեն զիջում էր 0:4 հաշվով:
«Միակ դրականը վերջին 20 րոպեն է,- Լուչեսկուի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Թայսոնի մուտքը խաղադաշտ արթնացրեց «Շախտյորի» հարձակողական ոճի մյուս ֆուտբոլիստներին: Ողջ թիմն արթնացավ: Ստացվեց այնպես, ինչպես երեկ էի ասում. անպայման կխփենք, սակայն անհրաժեշտ է խուսափել սխալներից պաշտպանությունում:
Ցավոք, մենք հիմար գոլ բաց թողեցինք, որն առաջինն էր այս խաղում: Դրանից հետո «Ռեալը» վերահսկում էր խաղը: Մեզ մոտ, կապված ոգու հետ, ամեն ինչ կարգին չէ, երբեմն բաց թողած գոլից հետո հանձնվում ենք: Ափսոս, որ փորձառու ֆուտբոլիստները նույնպես սխալվում են: Հենց այդ պատճառով ես փոխարինեցի Ազևեդոյին, ով ձգտում էր միայն հարձակվել, բայց վատ էր պաշտպանվում:
Սռնայի ու Կուչերի բացակայությունը շատ ուժեղ ազդեց մեր խաղի վրա: «Ռեալը» կարող է փոխարինել ցանկացած ֆուտբոլիստի, իսկ մեզ համար դա անելը բարդ է»: