Մոուրինյոն ուզում է, որ «Արսենալը» դուրս մնա Չեմպիոնների լիգայից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է ուզում, որ «Արսենալը» դուրս մնա Չեմպիոնների լիգայից: Պորտուգալացու խոսքերով՝ խոսքը բարեկամական հարաբերությունների մասին է: Նշենք, որ «Արսենալը» «Օլիմպիակոսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է զբաղեցնել երկրորդ տեղն ու մտնել փլեյ-օֆֆ: Իսկ ահա հունական թիմին ոչ-ոքին էլ է բավարարում:
«Իհարկե, ես միշտ ուզում եմ, որ անգլիական թիմերն առաջ շարժվեն,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Սակայն «Արսենալը» խաղում է մի խմբում, որում հանդես է գալիս «Օլիմպիակոսը»: Իսկ այդ թիմի մարզիչն իմ ընկերոջ որդին է: Պարզապես հիանալի կլինի, եթե նա փլեյ-օֆֆ մտնի: Անկեղծ կլինեմ. ուզում եմ, որ հենց «Օլիմպիակոսը» շարունակի պայքարը: Դա առաջընթաց կլինի այդ մարզչի կարիերայում: Մենք գիտենք նաև, որ «Բավարիան» հաջորդ փուլ դուրս կգա առաջին տեղով»: