Նազիկ Ավդալյան. «Մեջքիս վնասվածքը չէր խանգարում»
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը գոհ չէ իր ելույթից աշխարհի առաջնությունում:
«Բնականաբար, գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է` մրցահարթակ դուրս չէի եկել 6 տարի, բայց ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ինձ լավ էի զգում, և մեջքիս վնասվածքը չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին: Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ դրանց մասին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, և ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն Օլիմպիական խաղերն են»,- Նազիկ Ավդալյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: