Ադրբեջանում ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության 19 աշխատակից
Ադրբեջանում պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության 19 աշխատակից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նախարարության ղեկավար պաշտոնյաները և աշխատակիցները անօրինականորեն միջամտել են ձեռնարկատերերի գործունեություններին՝ գաղտնի կերպով լսելով նրանց հեռախոսային խոսակցությունները: Հայտնի է նաև ուրիշի ունեցվածքի յուրացման դեպքեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվության էլեկտրոնային կրիչների օգտագործման միջոցով:
«Ձեռք բերված փաստերի հիման վրա 21 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն, որոնցից 19-ի համար խափանման միջոցը սահմանվել է կալանքը, ևս մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մեղադրյալներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված»,- ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հայտնի է նաև, որ նախարարության աշխատակիցների գործողությունների արդյունքում տուժող է ճանաչվել 57 մարդ: