Դանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին
Նոյեմբերի 26-ին Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Կիև) Քրիստիան Դոնս Քրիստենսենն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:
Ընդգծվել է հայ-դանիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, որին մեծապես նպաստեց 2011 թվականից Կոպենհագենում գործող ՀՀ դեսպանությունը։ Կարևորվել է հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, մշակութային և խորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային հրատապ խնդիրների, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում