Մեդվեդև. Ռուսաստանը կսառեցնի ներդրումային ծրագրերը Թուրքիայում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը այս պահին գործողությունների փաթեթ է նախապատրաստում Թուրքիայի դրսևորած ագրեսիային տնտեսական և հումանիտար ոլորտներում արձագանքելու համար: Հաղորդում է «Lifenews»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մեդվեդևի խոսքով, այդպիսի միջոցառումներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ռուսաստանը սառեցնի Թուրքիայում նախատեսված խոշոր ներդրումային նախագծերը:
«Համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հատուկ նախագծերը կամ կարող են սառեցվել կամ ուղղակի չեղարկվել»,- նշել է Մեդվեդևը:
Վերջինս մանրամասնել է, որ սահմանափակումները կարող են մտցվել ոչ թե կոնկրետ ժամանակամիջոցի համար, այլ այնքան քանի դեռ երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարգավորվել: Կիրառվելիք բոլոր սահամանափակումները կգործադրվեն մեկ իրավական ակտի շրջանակներում:
«Այդ փաստաթղթերը կենթադրեն Ռուսաստանում գործող թուրքական տնտեսական ենթակառուցվածքների գործունեության սահմանափակում և արգելում, մթերքների մատակարարման սահմանափակումներ և արգելքներ՝ ներառյալ սննդամթերքի, թուրքական ընկերություններին ծառայությունների մատակարարումների դադարեցումներ, ինչպես նաև այլ սահմանափակումներ»,- նշել է Մեդվեդևը:
Մեդվեդևը մանրամասնել է, որ փաթեթը նախապատրաստելու համար երկու օր ժամանակ է տրվել կառավարությանը: Իսկ հարցը երեկ քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ Եկատերինբուրգում: