Թ.Պողոսյան. Քանի որ մեր երկրում ունենք քաղաքական գործընթաց, հատկապես պետք է լինենք նրբանկատ, զգուշավոր
«Լավ է, որ կանխված դեպքի հետ ենք խնդիր ունենում, ոչ թե հետևանքների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ խոսելով նախօրեին Հայաստանում կանխված ծանր հանցագործության դեպքի մասին
Պատախանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ կապել, պատգամավորն ասաց, բոլոր սցենարները, այդ թվում նաև դրսի ուժերի հետ կապը, պետք է քննությունը պարզի. «Բոլոր սցենարները պետք է դիտարկել: Պետք է ընթանա մանրակրկիտ, թափանցիկ ուսումնասիրություն»:
Թ.Պողոսյանի խոսքով, այս դեպքը և իշխանությունը, և ընդդիմությունը փորձելու է օգտագործել իրենց շահերին. «Բոլորը փորձելու են իրենց համար օգտագործել այս դեպքը»:
«Քանի որ այսօր մեր երկրում ունենք քաղաքական գործընթաց, հատկապես պետք է լինենք նրբանկատ սխալ ուղղություններով չշարժվելու, զգուշավոր լինենք: Այստեղ շատ կարևոր, որ պետական մարմիններն ամեն օր տրամադրեն համապատասխան տեղեկատվություն, չուշացնեն, որ հանրության մոտ չձևավորվի սխալ ընկալումներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Թ. Պողոսյանի, այս գործում կարևոր է, թե արդյո՞ք կբացահայտվեն այն մարդիկ, ովքեր վաճառել են այդ զենքը. «Պետք է հասկանալ, եթե դրսից են բերել այդքան զենքը, նշանակում է սահմանների վերահսկողության խնդիր ունենք, եթե Հայաստանի տարածքից են ձեռք բերել, պետք է հասկանալ, թե որ ինստիտուտներն են անօրինական զենք վաճառել»: