ՀՀԿ-ի գլխավոր խնդիրը Սահմանադրության հանրաքվեն ժողովրդավարական բարձր ստանդարտներին համապատասխան անցկացնելն է. Նաղդալյան
ՀՀԿ-ի գլխավոր խնդիրը Սահմանադրության հանրաքվեն ժողովրդավարական բարձր ստանդարտներին համապատասխան անցկացնելն է: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքերով՝ այս տարվա քարոզարշավը նոր ձևաչափով է ընթանում, և «Այո»-ն, և «Ոչ»-ը բավական ակտիվ ներկայացնում են իրենց գաղափարները:
«Կարևորն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան բազմակողմանի տեղեկատվություն ստանան և ակտիվ մասնակցելով պատասխանեն գլխավոր հարցին՝ այո, թե ոչ»,- ասաց Հ.Նաղդալյանը:
Նա հերքեց նաև ընդդիմադիրների պնդումները, թե ՀՀԿ-ն հանրությունից թաքցնում է սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության 75 տոկոսը դեմ է բարեփոխումներին: «Մենք հանրությունից թաքցնելու որևէ բան չունենք և նման ցանկություն էլ չունենք»,- ընդգծեց նա:
Հ.Նաղդալյանը նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է լինի հնարավորինս օրինակելի, թափանցիկ և արդար: «Մենք համոզված ենք, որ արդյունքում մենք ունենալու ենք լեգիտիմ արդյունք և օրինակելի հանրաքվե, և որևէ այլ զարգացումներ, գոնե մեր կողմից, տեղի չեն ունենա»,- նշեց նա:
Պատասխանելով նաև այն հարցին, թե դեկտեմբերի 1-ն «Նոր Հայաստան» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել և պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության, արդյոք դրանից չեն վախենում, Հ.Նաղդալյանն ասաց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքի շրջանակներում իրականացնել քաղաքական ակցիա: «Մենք կարծում ենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերը մնալու են օրենքի շրջանակներում, և թույլ չեն տա իրենց որևէ բան, որոնք կանցնեն թույլատրելի գիծը»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Նա նաև հայտնեց, որ ակտիվ քարոզարշավի արդյունքում ավելի շատ քաղաքացիներ են իրազեկվում սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին:
Հարցին, թե կարո՞ղ են վստահեցնել, որ հանրաքվեից առաջ բոլորը իրազեկված կլինեն, Հ. Նաղդալյանը պատասխանեց. «Մի քիչ դժվար է նման հայտարարություն անելը, քանի որ տեղյակ լինելու համար հնարավորություն է պետք ու ցանկություն: Փաստաթուղթը բավական լուրջ է, ժամանակ է պետք, որ խորանաս, մարսես, կարդալուց հետո նաև հասկանաս: Դրա համար քարոզչական աշխատանքները պետք է լինեն ակտիվ»: