Ռուսաստանը ընթացիկ տարվա ընթացքում կսկսի S-300 ՀՀՊ համակարգերն Իրանին փոխանցելու գործընթացը
«Ռուսաստանը ընթացիկ տարվա ընթացքում կսկսի S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին փոխանցելու գործընթացը»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական կողմն արդեն Իրանին է փոխանցել S-300 ՀՀՊ համակարգերի որոշ բաղադրիչ մասեր: Պուտինի խոսքով՝ հանձման գործընթացը կշարունակվի նաև գալիք տարում:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Իրանի և Ռուսաստանի միջև S-300 ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանն Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որոնք, սակայն, Արևմուտքի գործադրած ճնշումների պատճառով չտրամադրվեցին, ինչից հետո էլ Իրանը S-300-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմեց միջազգային արբիտրաժային դատարան: