Սու-24 –ի օդաչուին սպանել է թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման զինյալը. ԶԼՄ-ներ
Թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը սպանվել է թուրքական ծայրահեղ աջակողմյան ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Ալփասլան Չելիքի կողմից: Այս մասին հաղորդում է «Տասս» գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներում տարածված հոլովակին:
Վիդեո հոլովակում ծայրահեղականը պատմում է այն մասին, թե ինչպես են նա և «իր ընկերները կրակել օդում գտնվող օդաչուների վրա այն բանից հետո, երբ նրանց ինքաթիռը խոցվել էր թուրքական F-16 ինքնաթիռի կողմից»: Սակայն նա վստահեցնում է, որ իրենք հայտնաբերել են մահացած երկու օդաչուների մարմիններ, այլ` ոչ թե մեկ:
Ավելի վաղ թուրքական և արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս օդաչուները վայէջք են կատարել այն տարածքի վրա, որը վերահսկվում է սիրիացի թուրքերի կողմից: Սակայն հայտնի է, որ Թուրքիայի քաղաքացի Ալփասլան Չելիքը ծագումով Թուրքիայի Քեբան քաղաքից է և այդ քաղաքի նախկին քաղաքապետ Ռամազան Չելիքի որդին է: