Շարմազանով. ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով:
Ըստ տարածած հաղորդագրության, Շարմազանովը բարձր է գնահատել կայունության պահպանման ուղղությամբ ՀԱՊԿ ԽՎ առաջատար դերը մոտեցումների զարգացման և իրացման հարցում:
«Կցանկանայի հավաստիացնել, որ մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների և մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծել է, որ խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձևավորման և զարգացման համար:
«Մասնավորապես, կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական և համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակիցների շահերից»,-ասել է նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության համատեղ հակազդեցության:
Էդուարդ Շարմազանովն իր ելույթում կարևորել է նաև ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:
«Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցություն ունենալ ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաև «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016 թվականին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով»,-նշել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում գալիք տարվա առաջին կեսին. առաջարկն ընդունվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին