France24. Պուտինը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ ՌԴ-ն ու Ֆրանսիան կակտիվացնեն հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կհամակարգեն իրենց հարվածներն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման, գրում է France24-ը։
Կրեմլում լրագրողներին դիմելով՝ Օլանդը վերահաստատել է Ֆրանսիայի տեսակետը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցում, ով ՌԴ առանցքային դաշնակիցն է՝ ասելով, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում։
Սակայն, Փարիզի և Մոսկվայի միջև որպես մերձեցման նշան, Օլանդը նշել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Սիրիայում թիրախավորել «միայն ահաբեկիչներին», մասնավորապես «Իսլամական պետություն» խմբավորմանն ու նմանատիպ ջիհադիստական կազմակերպություններին։
«Այն, ինչ մենք համաձայնեցրել ենք շատ կարևոր է. այն է՝ հարվածել միայն ահաբեկիչներին և Դաեշին և չհարվածել այն ուժերին, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ։ Մենք տեղեկատվություն կփոխանակենք, թե ում պետք է հարվածել, ում՝ ոչ»,-ասել է Օլանդը։
Օլանդը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները նաև համաձայնել են համակարգել հարվածները նավթ
տեղափոխող թիրախների նկատմամբ՝ ջիհադիստական խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում։
Պուտինը, որի ուժերը մեղադրվում են միայն Ասադին ընդդիմացող խմբավորումներին թիրախավորելու համար, ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր խմբավորումների հետ, ովքեր պայքարում են «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ։
ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան պատրաստ է միավորվել Փարիզի հետ ընդդեմ «ընդհանուր թշնամու»՝ նշելով, որ երկու երկրներն էլ վերջերս տուժել են մահացու ահաբեկչական հարձակումներից։
Սակայն Պուտինը նաև հաստատել է իր աջակցությունը Ասադին, ում նա բնութագրում է որպես ցանկացած կոալիցիայի «ընդհանուր դաշնակից», որը պայքարում է ջիհադիստների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին