Հայաստանյան ակումբները հրաժարվում են հավաք անցկացնել Թուրքիայում
Հայաստանյան «Փյունիկ» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի) ֆուտբոլային ակումբները հրաժարվել են ձմեռային ուսումնամարզական հավաքները կազմակերպել Թուրքիայում:
«Հաշվի առնելով միջազգային վերջին իրադարձությունները՝ «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային ընդմիջման ժամանակ ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում: Նախնական բոլոր պայմանավորվածությունները չեղյալ են հայտարարվել: Քննարկվում են այլընտրանքային տարբերակներ, որոնց մասին ևս մեկ հայտարարություն կլինի»,- երևանյան ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանի խոսքերը մեջբերել է «EADaily»-ն:
Նշենք, որ «Շիրակը» 20-օրյա հավաք էր կազմակերպել Անթալիայում: Ներկա պահին ակումբի ղեկավարությունը նոր տարբերակներ է դիտարկում: