Ո՞ւր է գիծը. կեցցե՛ ԵԽԽՎ-ն, կեցցե՛ Ադրբեջանը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սոֆիայում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեում քննարկվեց նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։ Ընդհանուր գնահատականն էր, որ այդ ընտրությունը «ևս մեկ քայլ էր դեպի ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ», և որ քվեարկության արդյունքը արտացոլում է Ադրբեջանի ժողովրդի կամքը։
Իսպանացի պատգամավոր Խորդի Շուքլայի գլխավորած պատվիրակության զեկույցում նշվում է, որ «ընտրության օրը ամբողջ երկրի տարածքում եղել է հանգիստ ու խաղաղ», և ընտրական օրենսգրքի ոչ մի էական կամ համակարգային խախտումներ չեն գրանցվել։ Սակայն մի քանի ընտրատեղամասերում փոքր խախտումներ են եղել քվեաթերթիկների լցոնման և խմբային քվեարկության տեսքով։
Կեցցե՛ ԵԽԽՎ-ն։ Կեցցե՛ Ադրբեջանը։
Լավ, որտեղ է սահմանը, կարմիր կամ այլ գույնի գիծը, որը զատում է ցինիզմը քաղաքական նպատակահարմարությունից։ Որքան ներքև պետք է գլորվի ԵԽԽՎ վարկն ու արժանահավատությունը, որ այդ կառույցի պահապանները, եթե այդպիսիք մնացել են, փորձեն վերջ դնել երբեմնի հեղինակավոր եվրոպական այդ կառույցի ստորացումը ադրբեջանական բռնապետի կողմից։
Ադրբեջանում մարդու իրավունքների ողբալի իրավիճակի պայմաններում, երբ գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները, ներառյալ նույն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, գլխավոր քարտուղարը և մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, շարունակաբար բարձրաձայնում են իրենց մտահոգությունները Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ և քննադատում իշխանություններին նման վիճակի հասնելու համար, ահա այս պայմաններում ԵԽԽՎ-ն ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական իշխանությունների պարզ վերարտադրության բեմականացումը քիչ չէ անվանում է ընտրություն, այն էլ ազատ ու արդար։ Ժողովրդական խոսքով ասած՝ ամոթն էլ լավ բան է։
Այս ամենից հետո ինչպես են ԵԽԽՎ պատգամավորները պատկերացնում ընտրական հարցերում իրենց համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի հետ, որոնք հրաժարվեցին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան։
Դե, ԵԽԽՎ-ի համար անհանգստանալ երևի պետք չէ. համանման իրավիճակ էր նաև 2013թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններում։
ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներ ընդունելիս քննադատության մեծ բաժինը մեր հասարակությունն ուղղում է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը՝ ձախողումները վերագրելով վատ կամ չհամակարգված աշխատանքին։ Հիմա ինչ ասենք, սա ում ձախողումն է, երբ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանության համար ստեղծված կառույցում նման գնահատականի է արժանանում մի երկիր, որն այդ արժեքներից հեռու է այնքան, որքան Կասպից ծովի հարուստ ավազանը՝ Ստրասբուրգից։
Աննա Մկրտրչյան, Ստրասբուրգ
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի վերաբերյալ 1 էջանոց ԵԽԽՎ զեկույցը «պահանջում է» հայկական զինված ուժերի դուրս բերում
- EPDE. Ադրբեջանը խորհրդարանական ընտրությունների կեղծիքները քողարկում է ԵԽԽՎ-ի միջոցով
- ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի «գրավյալ» տարածք
- Նիլս Մուժնիեկս. «Իրավիճակը Ադրբեջանում լուրջ անվստահություն է առաջացնում ընտրությունների նկատմամբ»