Ա. Սաղաթելյան. Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ մոդելը
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների հետ զրույցում «Այո»-ի կողմնակից Արման Սաղաթելյանն ասաց, թե ինչու է մասնակցելու սահմանադրական հանրաքվեին ու «կողմ» քվեարկելու առաջարկվող փոփոխություններին:
«Ըստ գործող Սահմանադրության, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը հանրապետության նախագահն է, նա է կառավարում զինված ուժերը, համակարգում պաշտպանական ոլորտը: Բայց երբ կա ժողովրդի կողմից ընտրված երկու մարմին, նախագահը, ըստ Սահմանադրության, պատասխանատու է, բայց բյուջեն քննարկում ու հաստատում է պառլամենտը: Իսկ գործադիր իշխանությունը պետք է ապահովի զինված ուժերի գործողությունները ցանկացած իրավիճակում: Մենք մինչ այժմ նման խնդիր չենք ունեցել, որովհետև երկրի նախագահն ունեցել է մեծամասնություն Ազգային Ժողովում, վարչապետը նույնպես իր կուսակիցն է: Պատկերացնենք մի իրավիճակ, որ այդպես չէ»,-ասաց նա:
Նա նկարագրեց ենթադրյալ մի իրավիճակ, երբ ԱԺ-ն նախընտրում է պաշտպանական ծախսերի փոխարեն գումարներն ուղղել օրինակ անօթևան կատուների խնդիրների լուծմանը, իսկ վարչապետն առավել կարևորում է տնտեսության զարգացումը, քան սահմանին ընթացող պատերազմը:
«Փոփոխություններով առաջարկվում է գնալ այն ճանապարհով, որով գնացել են պառլամենտական երկրները, օրինակ Իսրայելը, որը ստեղծված օրից մինչ այսօր, պատերազմի մեջ է: Պաշտպանական ոլորտի որոշումները վերապահում են Ազգային անվտանգության խորհուրդին, որի ղեկավարը վարչապետն է: Սա պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ, տրամաբանական ու աշխատող մոդելն է, երբ որոշումների կայացումն իրականացնում է մեկ մարմին, անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությունից է այսօր նախագահը, որ կուսակցությունն է այսօր Ազգային Ժողովում մեծամասնություն, ով է ձևավորել վարչապետին»,-ասաց նա:
Նույն գյուղում բնակիչների մեկ այլ խմբի հետ զրուցում էր «Ոչ»-ի կողմնակից Ազատ Արշակյանը: Նա եղեգնուտցիներին ասում էր, որ իշխանությունները մինչ այժմ խաբել են ժողովրդին, այդ թվում իրեն:
«Մենք ձեզ հետ միասին ասում ենք, ախպեր ջան, ասեցիր երկու անգամ ավելանալու է իմ ունեցվածքը, ով մեկը ունի, դառնալու է երկուս: Բայց իրականում աղքատությունը կրկնապատկվեց»,-ասաց Արշակյանը:
Նրա խոսքով, ժողովրդին խաբել են. «Իրենց դեկլարացիաները կարդացեք, մի ալարեք, մտեք, կարդացեք, թե իրենք ինչ են գրում իրենց ունեցվածքի մասին: Դա իսկականը չի: Այն է, ինչ թաքցնել չեն կարող: Բոլորը՝ այդ 300 հոգին հարստացել են: Բոլորի ունեցվածքն ավելացել է, բայց ժողովրդինը չի ավելացել»:
Արշակյանն ասում է, ինքը հաշիվ է պահանջում իշխանություններից, սակայն ի պատասխան իշխանություններն առաջարկում են նոր պայմանագիր կնքել. «Ախպեր ջան, բա էն տասը տարվա հաշիվը փակեք: Մենք ձեզ ընտրել ենք, որ հարստնանանք: Սրանք մեզ ուզում են խաբեն: Ժողովրդավարություն չի լինելու այս փաստաթղթով, սա շատ դժվար լեզվով է գրված, մատնոց է ֆռռցնում են, չես հասկանում որտեղ է իրենց շահը, որտեղ՝ քո շահը»:
Հարակից հրապարակումներ`
- «Բայց մենք ուզո՞ւմ ենք ձեզ հետ զրուցենք». Կարմիրաղբյուրի բնակիչը՝ «Ոչ» քարոզողին
- «Ոչ»-ի կողմնակից. Մեր կյանքը կարող է շեշտակիորեն լավանալ հիմա
- Բագրատյանը՝ Այվազյանին. «Կռվո՞վ եք եկել, թողեք, խոսեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ