Համեմատաբար տաք ձմեռ է սպասվում. Սուրենյան
Սպասվում է համեմատաբար տաք ձմեռ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Դեկտեմբերին միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի»,-նշեց Սուրենյանը:
Մանրամասնելով դեկտեմբերը՝ նա ասաց, որ հանրապետության լեռնային գոտիներում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +4 +7–ի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին արդեն գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում՝ -18-ից մինչև -23:
«Լոռվա մարզում ամսվա առաջին կեսին օդի միջին ջերմաստիճանը հիմնականում ցերեկը կտատանվի +10-ից +14, ամսվա երկրորդ կեսին գիշերը առանձին օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -20 աստիճան: Տավուշում ամսվա առաջին կեսին օդի միջին ջերմաստիճանը կտատանվի +12-ից +15-ի սահմաններում, ամսվա երկրորդ կեսին՝ -10-ից -15: Սյունիքում ամսվա առաջին օրերին հովտային գոտիներում ցերեկը սպասվում է +10 +15, լեռնային շրջաններում +7 +9, իսկ ամսվա երկրորդ կեսին հովտային շրջաններում կնվազի մինչև -7-ից -12, իսկ լեռնային շրջաններում՝-11-ից -16»,-նշեց մասնագետը:
Սուրենյանը նշեց, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռներում և Վայոց Ձորի նախալեռնային գոտում ամսվա առաջին կեսին դեռևս տաք կլինի. «Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի +8 +10-ի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի – 12-ից -15»:
Անդրադառնալով Երևանին, նա տեղեկացրեց, որ ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 8-ից 10 աստիճան տաքության սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը ցածրադիր մասերում հնարավոր է նվազի մինչև -12-ից -15, իսկ բարձրադիր մասերում՝ մինչև -10-ից -12:
Գագիկ Սուրենյանը հատուկ գյուղատնտեսների ուշադրությունը հրավիրելով, հորդորեց անպայման այգեթաղ կատարել.«Տաք ձմեռ ասելով ի նկատի չունենք, որ ողջ ձմռա ընթացքում լինելու է գարնանային եղանակ: Տաք ձմեռ ասելով մենք համեմատում ենք միջին կլիմայական նորմայի հետ: Անպայման կատարել այգեթաղ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին