Տ.Քոչարյան. Լրատվամիջոցները պետք է զգուշորեն նկարագրեն նման միջադեպերը
«Լավ կլինի, որ Հայաստանում ահաբեկչություն, ահաբեկիչ բառը քիչ օգտագործվի՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ խոսելով նոյեմբերի 25-ին Երևանում ձերբակալված ծանր և առանձնապես ծանր հանցագործություն նախապատրաստող խմբի մասին:
Ըստ նրա, ձերբակալված զինված խմբավորումը հենց այնպես այդքան զենքը չէր պահում, բայց ում դեմ էր ուղղվելու, ինչ նպատակով, պատկան մարմինները պետք է պարզեն. «Սակայն սխալ է այդ խմբին անվանել ահաբեկչական, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:
Նա նշեց, որ ավելորդ բառեր պարունակող տեղեկություն պետք չէ տարածել: Մասնագետի խոսքով, լրատվամիջոցները պետք է զգուշորեն նկարագրեն նման միջադեպերը. հաշվի առնելով տարածաշրջանը, զինված վերջին խմբավորումը չէ, որ բացահայտվելու է, ժողովրդի ուշադրությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի:
«Բավականին տարօրինակ ընկալվեց այս խմբի ձերբակալությունը: Մարդիկ կային, ովքեր չհավատացին, մարդիկ կային, ովքեր հավատացին, և, կներեք բառիս համար, կայֆարիկներ: Նրանք ծաղրուծանակի են ենթարկում բոլոր երևույթները, ինչ կատարվում է դաշտում: Ամենավտանգավորը հենց այս մարդիկ են, քանի որ այդպես բթացնում են հասարակության ուշադրությունը, մյուս դեպքում, եթե նման դեպք լինի, հասարակության զգոնությունը բավականին ցածր կլինի»,- ասաց Տ.Քոչարյանը:
Ըստ նրա, կարևոր է, որ իրավապահ մարմինները պարզեն, թե ինչպես է այդքան մեծ քանակությամբ զենք գտնվել այդ մարդկանց ձեռքում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին