Նախկին նախարարը Խանջյան փողոցի վրա սրճարան ունի. «Ժողովուրդ»
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի: Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է Հ.Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից:
Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետևյալ կերպ է պատասխանել. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում: Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները: Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից: Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»:
«Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել և «ստիպված»՝ հանուն երկրի բարորության պաշտոնյա են դարձել»,-հավելել է թերթը: