Մահացել է պոլսահայ բանաստեղծ, ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Զարեհ Խրախունին
Ստամբուլում նախօրեին վախճանվել է պոլսահայ ականավոր բանաստեղծ, թատերագիր և թարգմանիչ, ՀՀ բարձրագույն Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Զարեհ Խրախունին (Արթո Ճյումպյուշյանը): Այս մասին գրում է hayernaysor.am կայքը:
Զարեհ Խրախունին ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլիսում, սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1945 թվականին ավարտել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը,1951 թվականին՝ Կ. Պոլսի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943 թվականից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948 թվականին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ։ 1952-1958 թթ. պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։ Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է տնօրենի օգնական։ Այս շրջանում էլ ծավալել իր գրական գործունեությունը։ Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։ Եղել է 1959 թվականից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից:
Խրախունու պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրությունների։
1989 թվականին արժանացել է Վազգեն Ա հայրապետի կոնդակին և Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ շքանշանին։ Արժանացել է Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան-Այվազեան» գրական, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներին։ Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», Թուրքիայի Հայով պատրիարքության Ա կարգի շքանշաններով։
2012թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, ինչպես նաև գրականության բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Երկարատև և ծանր հիվանդության պատճառով Զարեհ Խրախունին չի կարողացավ մասնակցել շքանշանի հանձման արարողությանը Հայաստանում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով Նախագահի օգնականի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 4-ին Ստամբուլի Հայոց Պատրիարքարանում Խրախունիին հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը: