Նարդարան. ձերբակալված անձանց հանդեպ քրեական գործ է հարուցվել, փաստաբաններ դեռևս չեն տրամադրվել
Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձանց հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Նրանց մեադրում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում նաև՝ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով։
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության համաձայն՝ մեղադրյալների քրեական գործը քննելու է Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների դեմ քննչական վարչությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ մեղադրյալներին դեռևս փաստաբաններ չեն տրամադրվել, այդ իսկ պատճառով առայժմ հայտնի չէ, թե ձերբակալվածները որ մեկուսարանում են գտնվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվին հարակից Նարդարան ավանում Ադրբեջանի ոստիկանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել արմատական շիայադավան «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավարների դեմ՝ ներխուժելով այն տունը, որտեղ վերջիններս հավաքված են եղել: Ոստիկանությունն ավան է մտել կահույք տեղափոխող մեքենայի մեջ թաքնված՝ խուսափելով բնակիչների հետ բախումներից։
Համաձայն ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ կազմակերպության անդամները զինված են եղել և լուրջ դիմադրություն են ցույց տվել՝ ոստիկանների ուղղությամբ ինքնաձիգներով կրակելով և նռնակներ նետելով: Բախումների հետևանքով սպանվել են շարժման 4 անդամներ և 2 ոստիկան։
Շարժման անդամներից 14-ը ձերբակալվել են։
Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դիտավորյալ անջատել են Նարդարան ավանի էլեկտրականությունը: Էլեկտրականություն մատակարարող «Ազերի իշիգ» բաց բաժնետիրական ընկերությունից «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել են, որ հոսանքի մատակարարման դադարեցումը կապված է բաժանորդների պարտքերը չմարելու հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ