Լևոն Թոքմաջյան. Չգիտեմ՝ «այո» ասեմ, թե «ոչ», որ լավ լինի
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը «մոլորվածների» մեջ է ու վերջին րոպեին է որոշելու՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասել, թե ոչ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Դեռ չեմ որոշել: Չգիտեմ, որն ասեմ որ լավ լինի. «այո»-ի դեպքում թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, «ոչ»-ի դեպքում էլ ինչ իմանաս՝ բեթարից բեթար կա: Ոչ «ոչ»-ն է հիմնավորվում, ոչ էլ «այո»-ն: Ոչ «ոչ»-ից եմ գլուխ հանում, ոչ «այո»-ից: Կքվեարկեմ այնպես, ինչպես վերջին պահին սիրտս թելադրի»:
Ասուլիսին ներկա «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ասաց, որ բավականին կարճ ժամանակ էր, որպեսզի «ոչ»-ը կամ «այո»-ն բացատրեին, բովանդակային առումով սահմանադրական փոփոխությունները չեն ընկալվել:
Նա նշեց, որ իրեն զայրացնում է այն արտահայտությունը, թե նոր Սահմանադրությունը կախարդական փայտիկ է. «Մի փայտիկ լինի, ասողի գլխին տաս: Սահմանադրությունը երբեք չի կարող կախարդական փայտիկ լինել, որ դեկտեմբերի 7-ին արթնանաս, եթե անցնի, ու ասես՝ օյ, ինչ աշխարհ է: Չկա նման բան»:
Հ.Ավետիքյանի խոսքով, եթե աշխարհի լավագույն Սահմանադրությունը գրվի Հայաստանի համար, ի՞նչ երաշխիք կա, որ այն կկիրառվի:
«Մտավախություն ունեմ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելուց հետո կունենանք մեկ կուսակցության տիրապետման վիճակ: Հիմա էլ այդպես է, այդ ժամանակ կամրագրվի օրենքով»,- ասաց նա:
Հ.Ավետիքյանը խոսելով «Ոչ»-ի ճակատների մասին, նշեց, որ հենց այն փաստը, որ կա մի քանի ճակատ ու ամեն մեկը մի օր հանրահավաք է հրավիրում, ցույց է տալիս, որ իրենք էլ շատ հավատ չունեն իրենց գործունեության նկատմամբ, պետք է միասնաբար հանդես գային:
«Արտառոց որևէ բան չեմ ակնկալում»,- նշեց նա:
Հ.Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ-ը համագումարով որոշել է, որ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, ինքն է որպես շարքային կուսակցական, պետք է «այո» քվեարկի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ