ՀԱԿ անդամ. Սահմանադրական փոփոխություններին ասել «ոչ»՝ այդպես ունենալով իշխանափոխության հնարավորություն
«Սահմանադրական փոփոխությունների նախագծով երկրում վերանում են հակակշիռները, ստեղծվում է միակուսակցական մոնոպոլիա: Սահմանադրական փոփոխություններն իշխանության վերարտադրության համար է արվում: Սահմանադրական փոփոխության գործընթացը իշխանափոխություն իրականացնելու հիմնական խոչընդոտն է այսօր դարձել»,- Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյան:
Նա նշեց, որ պետք է դեկտեմբերի 6-ին գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և «ոչ» ասել՝ այդպես ունենալով իշխանափոխության հնարավորություն:
Քննարկմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն ասաց, որ երկրում իշխանափոխություն անելու համար պետք են փոփոխություններ. «2008 թվականից պայքար եք մղում իշխանափոխության համար ու չի ստացվում, եթե Սահմանադրությունը չփոխվի, մնա նույն վիճակը, կրկին չի ստացվելու հասնել իշխանափոխության»:
Վ.Բաբայանի խոսքով, այսօր «վերարտադրություն» բառը դարձել է մատի փաթաթան. «Չեն հասկանում մարդիկ, որ վերարտադրության, միակուսակցական համակարգի մասին խոսք գնալ հնարավոր չէ: Փոխենք սահմանադրությունը, որ կարողանանք իշխանափոխություն անել»:
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, «Ոչ»-ի ճակատը պարտություն է կրելու, տապալված է:
Արշակ Մուսախանյանը նշեց, որ եթե «այո»-ն հաղթանակ տանի առանց կեղծիքների, նորմալ ընտրական պայմաններում, պատրաստ է շնորհավորել:
Նա միաժամանակ հավելեց. «Նման բան, համոզված եմ, չի ստացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին