Դավութօղլու. Մենք հասկանում ենք օդաչուի զոհվելու կապակցությամբ ռուսաստանցիների զգացմունքները
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հասկանում է Су-24 ռմբակոծչի օդաչուի զոհվելու կապակցությամբ ռուսաստանցիների զգացմունքները, սակայն խնդրում է հաշվի առնել նաև Անկարայի զգայունությունը թուրքական սահմանի անվտանգության ապահովման հարցում: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին Թուրքիայի կառավարության ղեկավարն հայտարարել է դեպի Բրյուսել ուղևորվող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
«Դա Թուրքիայի ազգային անվտանգության սահմանն է: Իսկ նրա վրա ներկայումս ստեղծվել է մեր անվտանգությանը սպառնացող իրավիճակ: Մենք կշարունակենք ի ցույց դնել մեր զգայունությունը այս հարցում, որը ուղղված չէ անհատապես Ռուսաստանի դեմ»,- նշել է Դավութօղլուն:
«Այս ճգնաժամը կարելի է վերահսկել միայն եթե և՛ մենք և՛ Ռուսաստանը դրա լուծմանը մոտենանք սառնասրտորեն և խոհեմությամբ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս հոգեբանական լարվածությունը կթոթափվի: Կտրուկ հայտարարությունների փոխարեն պետք է նախընտրել հանդիպումներն ու բանակցությունները»,- նշել է Ահմեդ Դավութօղլուն: