ԵՄ-ն Թուրքիայի հետ կեղտոտ գործարքի մեջ է մտել
Գերմանական լրատվամիջոցների մեկնաբանները քննադատել են Թուրքիայի հետ ԵՄ-ի ձեռք բերած համաձայնությունը` կապված միգրացիոն խնդրի հետ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական մամուլի հրապարակումները:
Ենթադրվում է, որ համաձայն նոյեմբերի 29-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա համատեղ գագաթաժողովի արդյունքների՝ ԵՄ-ն Թուրքիային նվազագույնը 3 մլրդ եվրո կտրամադրի՝ փախստականներին ապաստան տրամադրելու և սահմանին լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու համար:
Քաղաքագետ և իրավաբան Դիլեկ Կուրբանը Die Zeit-ում հրապարակված հոդվածում նշել է, որ այդ գործարքը հենց սկզբից «վիճելի էր քաղաքական և բարոյական տեսանկյունից»: Ըստ նրա՝ Փարիզի ահաբեկչությունից հետո այն կարիք ուներ վերանայման:
Ինչպես գրում է Die Welt պարբերականը` փախստականներին աջակցող Pro Asyl գերմանական կազմակերպությունը ևս զգուշացրել է «մարդու իրավունքների հաշվին կեղտոտ գործարքի» մասին: Այդ համաձայնագիրը կաջակցի Էրդողանի «անմարդկային քաղաքականությանը» և Եվրոպան կտանի «բարոյական սնանկացման»:
Berliner Morgenpost պարբերականի հոդվածագիր Կնուտ Պրիսը մատնանշում է Եվրամիության «կեղծավորությունը»՝ ձևացնելով, թե մի ոլորտում համագործակցությունը կապ չունի այլ ոլորտներում համագործակցության հետ: Անկարան այժմ պատասխան ծառայություններ է պահանջում, քանի որ ԵՄ-ն խոստովանել է, որ առանց Թուրքիայի չի կարող լուծել այս խնդիրը: Հենց այդ պատճառով է, որ այս հարցի շուրջ բանակցությունները վերածվել են առևտրի:
Իսկ Die Welt-ի լրագրող Ռոբին Ալեքսանդրը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է օգտվել իր բարենպաստ դիրքից: Անկարային միայն փողը բավարար չէ: Նրանք նպատակ են հետապնդում պարզեցնել Եվրոպայի հետ վիզային ռեժիմը և մուտք գործել ԵՄ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ