Ռուսական ինքնաթիռը պատահաբար մտել է Իսրայելի օդային տարածք
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայի ինքնաթիռներից մեկը սխալմամբ մտել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների օդային տարածք և առանց միջադեպի վերադարձել է սահմանի հակառակ կողմ: Այս մասին հաղորդում է «Ռիա» գործակալությունը:
Նախարարի խոսքով` իրավիճակի հարթեցման համար գործի են դրվել երկու կողմերի միջև հաստատված փոխգործակցության խողովակները:
«Տեղի է ունեցել փոքրիկ սխալմունք, և օդաչուն թռիչքի ժամանակ մուտք է գործել մեր օդային տարածք` խորանալով այնտեղ 1,6 կիլոմետր: Նրա հետ անմիջապես կապ է հաստատվել, օդաչուն անմիջապես փոխել է ուղղությունը և վերադարձել է Սիրիա»,-հայտարարել է իսրայելցի նախարարը` իսրայելական «Կոլ Իսրայել» ռադիոկայանի եթերում:
Միաժամանակ նա չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել հիշյալ միջադեպը:
Մեկ տարի առաջ իսրայելական օդուժը նույն Գոլանի բարձունքների երկնքում խոցել էր սիրիական «Су-24» ռմբակոծիչ և անօդաչու թռչող սարք, մինչդեռ ռուսական ինքնաթիռի դեպքում Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ռուսական օդուժը Իսրայելի համար սպառնալիք չի ներկայացնում և չի հետապնդում իսրայելական օբյեկտները խոցելու նպատակ, ուստի անհրաժեշտություն չկա ավտոմատ կերպով խոցել իրենց օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռները:
«Ինչպես մենք չենք խանգարում ռուսներին գործել և չենք խառնվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայում…ճիշտ այդպես էլ նրանք չեն խանգարում մեզ թռիչքներ կատարել և գործել մեր շահերին համապատասխան»,-ընդգծել է Յալոնը: