Սիրիա զենք մատակարարելու համար Թուրքիայում մեղադրվել են բարձրաստիճան զինվորականներ
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երեք բարձրաստիճան զինվորականների Սիրիա զենք մատակարարելու վերաբերյալ աղմկահարույց գործի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Անադոլու»-ին:
Գեներալ Իբրահիմ Այդինը և թուրքական ուժերի պահեստազորի գնդապետ Բուրհանեթթին Ջհանգիողլուն մեղադրվում են ռազմական ահաբեկչական կազմակերպության ստեղծման և այն ղեկավարելու, ինչպես նաև լրտեսության ու պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության մեջ: Ըստ աղբյուրի, այս մասին հայտարարել է Ստամբուլի դատախազ Իլֆեն Ֆիդանը:
Նույն մեղադրանքները, բացառությամբ լրտեսական գործունեության, առաջադրվել է գեներալ Համզա Ջելեփողլուին: Երեք մեղադրյալները ստամբուլյան դատարանի առջև են կանգնել անցյալ շաբաթ:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, մեղադրանքներն առաջադրվել են թուրքական հետախուզությանը պատկանող մի քանի բեռնատարների զննման գործի շրջանակներում:
2014թ. հունվարին Ադանա և Հաթայ շրջանում տեղի ոստիկանության կողմից իրականացրած զննության արդյունքում հայտնաբերվել է զինամթերք: Ըստ աղբյուրի ազգային անվտանգության գծով Թուրքիայի օրենսդրությունը արգելում է այս բեռնատարների ստուգումը, որոնք ինչպես ենթադրվում է զենքը տեղափոխում էին Սիրիայի հյուսիս: Երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ մեքենաները իբր տեղափոխել են հումանիտար օգնություն Սիրիայի թուրքմեններին:
Անցյալ հինգշաբթի Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է թուրքական «Հանրապետություն» թերթի շեֆ-խմբագիր Ջան Դյունդարին և նույն թերթի լրագրող Էդրեմ Գյուլին՝ «Իսլամական պետությանը» Թուրքիայի իշխանությունների կողմից զենք մատակարարելու վերաբերյալ հրապարակման պատճառով: Թուրքիայի իշխանությունները լրագրողներին մեղադրել են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և լրտեսության մեջ: