Ալեքսիս Ցիպրասը դիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավոտ տեղին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում դիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավոտ տեղին՝ բարձրացնելով թուրքական օդուժի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու վերաբերյալ հարցը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «newsbeast.gr» պարբերականին:
«Ցիպրասի և Դավութօղլուի օդային մենամարտը՝ Էգեյան ծովի վրա խախտումների հետևանքով: «Թուրք նյարդային օդաչուները» դիպել են Դավութօղլուի նյարդերին»: Այսպես է վերնագրել գագաթնաժողովին նվիրված իր հրապարակումը «newsbeast.gr» հունական պարբերականը:
«Լուսանկարների, ժպիտների և գրկախառնումների պակաս չկար, սակայն Հունաստանի վարչապետը բարձրացրեց բավական ցավոտ հարց, որը մտահոգում էր Թուրքիայի վարչապետին»,- նշում է պարբերականը:
«Բարեբախտաբար, մեր օդաչուները այդքան նյարդային չեն, ինչպես ձերոնք ընդդեմ ռուսների»,- նշել է Հունաստանի վարչապետը ԵՄ 28 երկրների առաջնորդների ներկայությամբ՝ իր խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետին:
Ըստ պարբերականի, այս արտահայտությամբ Հունաստանի վարչապետը ի չիք է դարձրել այս օրը իր համար հաջող որակելու Թուրքիայի բոլոր հույսերը:
«Անմիտ և անհասկանալի է այն, ինչ տեղի է ունենում Էգեյան ծովում: Մենք ծախսում ենք միլիարդավոր եվրոներ զինվելու համար, դուք որպեսզի խախտեք, մենք՝ որպեսզի զսպենք ձեզ: Դուք տիրապետում եք օդային ամենաժամանակակից համակարգերին, իսկ ներքևում մենք չենք կարող գտնել այն մաքսահեններին, որոնք խորտակում են անմեղ մարդկանց Էգեյան ծովում»,- նշել է Ալեքսիս Ցիպրասը և հրապարակել է մեջերումներ Թվիթթերյան իր միկրոբլոգում:
Թուրքիայի վարչապետի պատասխանը հնչել է բավական ուշացումով՝ ցույց տալով վերջինիս նյարդայնությունը:
«Օդաչուների վերաբերյալ Ալեքսիս Ցիպրասի մեկնաբանությունը չի համապատասխանում օրվա ոգուն: Ալեքսի՛ս, թույլ տուր մեզ կենտրոնանալ օրվա դրական օրակարգի վրա»,- գրել է Դավութողլուն Թվիթթերի իր միկրոբլոգում: