Փարիզում ձերբակալվել է 340 ցուցարար
Փարիզում ձերբակալվել է ավելի քան 340 մարդ բնապահպանական խնդիրների առնչությամբ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ֆրանսպրեսս» գոծակալությանը: Իսկ ավելի վաղ հաղորդվում էր 208 ձերբակալվածի մասին:
Ֆրանսիայի իշխանությունները օրերս արգելել էին կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովի նախօրեին երթերի անցկացումը: Այնուամենայնիվ, հազարավոր բողոքավորներ հավաքվել են քաղաքի կենտրոնում:
Ցուցարարները ոստիկանության ուղղությամբ նետել են դատարկ շշեր և կոշիկներ, որոնք թողնվել են Փարիզի «Հանրապետության» հրապարակում ի նշան բնապահպանական խնդիրների վերաբերյալ ուշադրության:
Իրավապահներն ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ: Կազմակերպիչների տվյալներով, ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: Ոստիկանությունն իր հերթին նշում է 4-5 հազար մասնակիցների մասին:
Նշենք, որ Ֆրանսիայի տարածքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: