«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին». «Աջակցություն չի նշանակում միայն ֆինանսական օգնություն»
«Ֆինանսի պատճառով չէ, որ այսքան խնդիրներ ունենք: Եթե ունենանք խնդիրները լուծելու ցանկություն, վստահեցնում եմ, այսքան խնդիրներ չենք ունենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ պարտադիր չէ մեծ գումարներ ունենալ, որպեսզի հնարավոր լինի որոշակի միջոցառումներ կազմակերպել. «Մեր փորձը ցույց է տվել, որ փոքր միջոցներով էլ կարելի է ժպիտներ պարգևել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներին»:
Ս.Հովսեփյանի խոսքով, աջակցություն չի նշանակում միայն ֆինանսական օգնություն, կարելի է ուղղակի լինել այդ մարդկանց կողքին:
Նախաձեռնությունը ստեղծվել է 2014-ի հուլիս-օգոստոսին: Նպատակն է բարձրաձայնել սահմանամերձ շրջաններում առկա խնդիրների մասին, փորձել հասնել դրանց լուծմանը: Նախաձեռնության անդաների խոսքով, առավել կարևորում են մշակութային, կրթական ծրագրերը, քանի որ հենց այդ ոլորտներում շատ բացեր կան:
Այս ընթացքում արդեն նախաձեռնությունը տաս մշակությային ծրագիր է իրականացրել սահմանամերձ գյուղերում, իսկ կրթական խնդիրները փորձում են լուծել՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության հետ:
«Կրթականից և մշակութայինից բացի, մյուս խնդիրները չեն անտեսվում, դրանց մասին էլ ենք բարձրաձայնում»,- ասաց Ս.Հովսեփյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ նյութական անմիջական օգնության կարիք այդքան չունենք, որքան զինեն մի բան, որ բոլորին կօգնի, օրինակ՝ օգնության դպրոցներին, մանկապարտեզներին:
Նախաձեռնության համակարգողներից Շողեր Բաբայանի խոսքով, գումար հավաքում են նախաձեռնության անդամների ներդրումների հաշվին: Ամեն ամիս 500 դրամից սկսած մուտքեր են արվում բացված հաշվեհամարին:
Ս. Հովսեփյանն ասաց, որ այսօր սահամանամերձ գյուղերի բնակիչների ամենաթիրախային խնդիրը համարում են անվտանգության հետ կապված միջոցառումները. «Կարևորում ենք թաքստոցներ, ապաստարաններ ստեղծելու հարցը, երեխաներին ինֆորմացիայով, գիտելիքով զինելը, թե ինչ պետք է անել անծանոթ միջավայրում հայտվելով, անծանոթ մարդու տեսնելով»: