«Politico». Եվրոպան կաշառեց Թուրքիային փախստականների հարցը լուծելու համար
Կիրակի տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի արդյունքները թույլ էին և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում հետընթաց արձանագրող: Անդրադառնալով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին՝ այս մասին «Politico» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է 1999-2008թթ Բելգիայի վարչապետ Գայ Վեռհոֆշթադթը:
Հոդվածագրի դիտարկմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարները փոխարենը եվրոպական պահանջներին համապատասխան քայլեր մշակելուն հույս հայտնեցին, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը կարող է նվազեցնել կամ կասեցնել փախստականների և տնտեսական միգրանտների հոսքը Հունաստանից:
«Գագաթաժողովում հաստատվեց` 3 մլդ դոլար եվրոպական օգնություն տալ Թուրքիայում ժամանակավոր ապաստան գտած սիրիացի փախստականներին: Սակայն պարզ չէ, թե Թուրքիան ինչ տեսակ օգնություն պետք է ցույց տա միգրանտներին այս գումարով, կամ օրինակ արդյոք նա իր աշխատաշուկան կբացի, դպրոցները կբացի՝ ապահովելով կրթություն հարյուր հազարավոր սիրիացի երեխաների համար»,- գրում է նախկին պաշտոնյան:
Վերջինս «խորը սխալմունք» է համարում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, որը եվրոպական օգնության դիմաց Թուրքիան հետ կվերադարձնի բոլոր այն միգրանտներին, ովքեր չունեն միջազգային պաշտպանության կարիք:
Հեղինակի համար կասկածի առիթ է նաև գագաթաժողովին հաջորդած Էրդողանի այն մեկնաբանությունը, որ ինքը չի կարող երաշխավորել, որ տրված օգնությունից հետո Հունաստանով Եվրոպա հասնող միգրանտների թիվը կարող է նվազել:
«Հունաստանի ոստիկանության տվյալները ցույց են տվել, որ այս տարի Թուրքիան պարտավորվել է հետ վերադարձնել մոտ 2300 միգրանտների, իսկ իրականում հետ է վերադարձվել ընդամենը 8 մարդ, մյուսներն էլ լքել են Հունաստանը ու հասել Եվրոպական այլ երկրներ»,- գրում է հեղինակը:
Վերջինիս համար կասկածելի է նաև գագաթաժողովի արդյունքներով ԵՄ-ին անդամակցության ճանապարհին Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումների խոստումները՝ հաշվի առնելով այդ երկրում օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրները:
Նախկին պաշտոնյան առնվազն սկանդալային է համարում, որ եվրոպական չինովնիկները ունենալով միգրացիոն ճգնաժամին լուծման օրակարգ դիմում են այլ երկրների՝ հատկապես Թուրքիային այդ հարցին լուծում տալու համար:
«Ժամանակն է, որ Եվրոպան իր ճակատագիրը իր ձեռքերում վերցնի՝ դադարելով վճարել ու կաշառել այլոց մեզ համար որոշումներ ընդունելու համար»,- գրում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին