Շարմազանով. Պետք չէ նստել թախտին ու սպասել բախտին
«Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ խախտում չի լինելու, նույնիսկ եվրոպական ամենազարգացած երկրներում տեխնիկական խախտումներ են լինում: Մեր իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնի որակյալ»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով այն քաղաքական ուժերի մասին, ովքեր քննադատում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը ` ասելով, որ կեղծիքներ են լինելու, նա նշեց «Քննադատելը լավ բան է, բայց չպետք է նստել թախտին ու սպասել բախտին: Պետք է կարողանան իրենց գործառույթներն իրականացնեն, մտնեն տեղամասեր, վերահսկեն: Եթե դու չունես բավարար թվով մարդիկ, ովքեր վստահում են քո քաղաքական ուժին կամ անձամբ քեզ, որ գնան տեղամասեր ու վերահսկեն ընտրական պրոցեսը, մնացածն օդում ասված խոսքեր են»:
Է. Շարմազանովը նաև ասաց, որ ընդդիմություն ասվածը Հայաստանում բազմաշերտ է: Նա հիշեցրեց, որ ընդդիմության պառլամենտական ամենալայն հատվածը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, ինչը խոսում է այն մասին, որ պառլամենտական ուժերի մեծամասնության մոտ կա քաղաքական կոնսոլիդացիա:
«Պառլամենտական մանդատ ունեցող մարդկանց 4/5-րդն իր քվեարկությամբ «այո» է ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, սա աննախադեպ կոնսոլիդացիա է, նույնիսկ եվրոպական երկրների համար: Կրկնում եմ, որ մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություներ չունեն այն քանակի վստահված անձիք, որ կարողանան իրենց տեղերը պահպանել տեղամասերում: Կարծում եմ՝ ճիշտ չէ, բարոյական չէ, կանխավ քաղաքացիներին մեղադրել վաճառվելու մեջ, չի կարելի մարդուն նայել որպես պոտենցիալ վաճառվող: Եթե այդ նույն քաղաքական կուսակցությունները 100-ից ավելի տեղամասերում չեն կարողանում ապահովել վստահված անձիք, վաղն այդ մարդիկ ինչպե՞ս են առաջնորդելու ժողովրդին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված սահմանադրական փոփոխությունների գործընթացում շտապողականությունը, Է.Շարմազանովը նշեց. «Շտապողականություն չկա, որովհետև նոր Սահմանադրություն չէ: Այն թեզերը, որոնք ներառված են սահմանադրական փոփոխությունների նախագծում, դեռևս 1990, 1991 թվականներին, երբ որ ձևավորվեց հրամանագիրը, կար երկու այլընտրանքային տարբերակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած թիմի տարբերակը, որն անցավ 1995 թվականին, և Վեցնյակի տարբերակը՝ ՀՅԴ, ԱԻՄ, ԱԺՄ, նաև ՀՀԿ: Ի սկզբանե ՀՀԿ-ն եղել է պառլամենտական կառավարման կողմնակից: Այս 24 տարիների ընթացքում պառլամենտական կառավարման ձևի վերաբերյալ բազում քննարկումներ են եղել, սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն մշտապես եղել է: Այս առումով չեմ կարծում, որ եղել է շտապողականություն: 1 տարի 8 ամիս ժամանակն արդյունավետ է օգտագործվել և ընտրվել է ամենառացիոնալ, ճիշտ տարբերակը»:
Նրա խոսքով, բոլոր պահանջված նորմերն անցել են՝ հանրային լսումներ, քննարկումներ, քարոզարշավն էլ աննախադեպ է, ուղիղ եթերում առանց մոնտաժի «ոչ»-ի և «այո»-ի կողմակիցներն ասում են իրենց կարծիքները, քաղաքացիներն էլ իրենց կարծիքն են ներկայացնում իշխանություններին. «Սա շատ կարևոր է խոսքի ազատության, բազմակարծության արտահայտման համար»: