Զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները. Նալբանդյան
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում: Այս մասին նշել է աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Արտգործնախարարը փաստել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձել են հրատապ միջազգային խնդիրներին և դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։