Հարցում. Մարգարեթ Թեթչերն ամենաազդեցիկ կինն է ճանաչվել վերջին 200 տարվա ընթացքում
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, ով «երկաթյա լեդիի» համբավ է վաստակել, համազգային հարցման արդյունքներով համաշխարհային պատմության մեջ ամենաազդեցիկ կինն է ճանաչվել վերջին 200 տարվա ընթացքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հարցումն անցկացվել է Scottish Widows ներդրումային ընկերության պատվերով՝ նպատակ ունենալով պարզել, թե թույլ սեռի ներկայացուցիչներից ով է առավել մեծ ազդեցություն գործել հասարակության վրա:
Թեթչերին ամենաազդեցիկն է համարել հարցվածների 28 տոկոսը: Երկրորդ տեղում է ֆիզիկայի (1903 թ.) և քիմիայի բնագավառներում (1911 թ.) Նոբելյան մրցանակակիր Մարիա-Սկլոդովսկայա Կյուրին (24 տոկոս): Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երրորդ տեղում է (18 տոկոս):
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև արքայադուստր Դիանան (17 տոկոս), կանանց սոցիալ-քաղաքական միության հիմնադիր Էմելին Փանքհերսթը (16 տոկոս), Խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1979 թ.) կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզան (13 տոկոս), Բարեգթության քույր Ֆլորենս Նայթինգեյրը, որը Ղրիմի հիվանդանոցի բուժքույր է եղել Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856 թթ.) (12 տոկոս): 10-րդ տեղում ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին է (6 տոկոս):
Հարցման կազմակերպիչ պատմաբան և գրող Ս.Լիպսկոմբը նշել է, որ վարկանշային աղյուսակում ընդգրկված կանայք ամեն մեկն իր տեսակով լեգենդ է, նրանք բոլորը մի նմանություն ունեն՝ փոխել են խաղի կանոնները, իրադարձությունների ընթացքը:
Հարցմանը մասնակցել է 2000 մարդ՝ Միացյալ Թագավորության բոլոր շրջաններից: