Սահմանամերձ գյուղերի հիմնական խնդիրները
Սահմանամերձ համայնքներում հրատապ լուծումներ պահանջող խնդիրներից են շարունակում մնալ դասագրքերի վարձավճարները, կրթության կազմակերպումը, դպրոցների և մանկապարտեզների կահավորումը, ամբուլատոր բուժօգնությունը, ինչպես նաև մշակութային ծրագրերի բացակայությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Աջակցենք սահամանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Նա տեղեկացրեց, որ նախաձեռնության գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել են այցելել տարբեր սահմանամերձ գյուղեր, ծանոթանալ տեղի բնակչության առջև ծառացած խնդիրներին և դրանց վերաբերյալ համապատասխան նամակով դիմել ՀՀ Կառավարություն, Կրթության և գիտության նախարարություն:
Նա հայտնեց, որ ԿԳՆ-ը հաստատել է 17 գյուղերի դպրոցների աշակերտների դասագրքերի վարձավճարների սուբսիդավորումը:
«Աջակցենք սահամանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներից Շողեր Բաբայանն էլ նշեց, որ իրենց նախաձեռնության ֆինանսական միջոցները ձևավորվում են համանուն ֆեյսբուքյան էջի 12 հազար անդամների ամսեկան նվիրատվություններից:
Նախաձեռնության անդամները հավելեցին, որ ներկայումս հրատապ և թիրախային են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում թաքստոցների և երեխաների ինքնապաշտպանվածության խնդիրների լուծումը և իրենք շարունակելու են հետևողականորեն աշխատել: