Հայաստանն ունենալու է դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենք
Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ և ներդրմամբ: Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանաջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է:
Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի շրջանակներում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ և ժամանակին կատարումը կարևոր է նաև անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:
Ա.Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա խնդիրները, հասարակական պահանջը պարտադրում է իրենց ունենալ իրավական ակտ, ոլորտը կարգավորող օրենք, որով պատասխան կտրվեն տեսական, գործնական բնույթի մի շարք խնդիրների:
Նախարարը նշեց, որ այդ օրենքը պետք է արտացոլի Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, համապատասխանի միջազգային չափանիշներին, փորձին:
Ա.Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի նախագիծը կբարձրացնի դատական փորձագետների դերը, որոնց ազնիվ աշխատանքի միջոցով և պայմաններում է հնարավոր ապահովել հավաստիության բարձր աստիճան և որակ ունեցող փորձաքննություններ:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով օրենքի բացակայությունը, կարելի՞ է ասել, որ մինչ օրս փորձաքննությունները սուբյեկտիվ ու կամայական դաշտում են եղել, նախարարը պատասխանեց, որ կխուսափի նման պնդում անելուց, որովհետև փորձաքննությունների ոչ պատշաճ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կան նաև դատավարական ընթացակարգեր ու մեխանիզմներ։
«Ի վերջո, ցանկացած փորձագետ քրեական դատավարության ժամանակ զգուշացվում է կեղծ եզրակացություն տալու դեպքում քրեական պատասխանատվություն ստանալու մասին։ Խնդիրը նրանում է, որ պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք մեզ արդյունավետորեն ու արագ արձագանքման հնարավորություն կտան ու նաև ոչ միայն հետևանքների վերացման, այլ առաջին հերթին կանխարգելման փուլում։ Պետք է փորձագետների որակավորման համար նախատեսել այնպիսի պահանջներ, որոնք մեզ հնարավորություն կտան ոլորտը կարգավորել ու դնել ճիշտ ռելսերի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին