«Արվեստն այն աշխարհն է, որտեղ չես կարող խաբել, ամեն ինչ անկեղծ է». Արման Համբարձումյան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր կբացվի երիտասարդ քանդակագործ և նկարիչ Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը։ Խորագիրն է ՝ «Առասպելներ»: Ներկայացվելու է 27 քանդակ՝ առասպելական, նաև ժամանակակից թեմաներով ստեղծագործություններ:
«Հին առասպելները, միֆերն ինձ խթան են տալիս ստեղծել նորը, իմը: Կան միֆեր, որոնք ես եմ ստեղծել»,-Panorama.am-ի հետ զրույցոմ ասաց Արման Համբարձումյանը:
Առասպելական թեմաներին անդրադառնում է նաև գեղանկար աշխատանքներում:
Խոսելով իր արվեստի ոճական առանձահատկությունների մասին, Ա.Համբարձումյանն ասաց, որ միաժամանակ երեք ոճեր է միախառնում իրար՝ աբստրակցիա, էքսպրեսիոնիզմ, սյուռեալիզմ:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր համար առաջնայինը՝ քանդակագործությո՞ւնը, թե՞ գեղանկարչությունը, նա ասաց. «Միտքը, արվեստի որ տեսակով կարտահայտվի այդ միտքը, որպեսզի արժեք ներկայացնի»:
Խոսելով երիտասարդ արվեստագետներին ամենահուզող հարցերի մասին, Ա.Համբարձումյանն ասաց, որ խնդիրները բազմաթիվ են. «Պասիվություն կա: Բիենալեներ չեն կազմակերպվում: Բիենալեները շարժ են մտցնում, արվեստագետները նայում են, թե ով ինչ է անում, նորություն, թարմություն է մտցվում, չեն պարփակվում միայն սեփական երկրների սահմաններում»:
Նա նաև նշեց, որ շատ բան կախված է երիտասարդ նկարիչներից. «Պետք է շատ լավ աշխատել մրցունակ լինելու համար: Արվեստի աշխարհը դաժան աշխարհ է, թույլեր, միջակները չեն ընդունվում: Արվեստն այն աշխարհն է, որտեղ չես կարող խաբել, ամեն ինչ անկեղծ է»:
Նշենք, որ Արման Համբարձումյանին արվեստի բնագավառում Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Լեգենդներ» քանդակների շարքի համար:
«Մեծ պատիվ է նախագահի կողմից մրցանակ ստանալը, սակայն առանձնակի, մեծ փոփոխություն չեմ նկատում այդ մրցանակը ստանալուց հետո, քանի որ ինձ առաջնորդում է արվեստը»,- ասաց նա:
Ա. Համբարձումյանը վերջին անգամ անհատական ցուցահանդես է ունեցել 2010 թվականին Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում:
Այսօրվա ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Առևանգում
Արքայի ժեստերը
Մայր բնություն
Մտքի էներգիա-1
Մտքի ուժը-1
Իդլների մայրը
Պատերազմ հանուն սարի
Երաժշտություն
Նվեր
Սպիտակ մատներով աղջիկը
Ընկերը
Որոնում
Լուսանկարները՝ arman-art.com կայքից: