Ծիրանը կարճ կյանք ունի, կոնյակը` խնդիրներ. Գերմանիայում ՀՀ դեսպանը ԵՏՄ-ն ճիշտ է համարում
«Անկեղծ ասած, այդչափ ճնշում չի եղել: Ֆրանսիան և Գերմանիան առաջիններից են եղել, որոնք ըմբռնումով են մոտեցել, նաև հետագայում Ֆրանսիան և Գերմանիան առաջիններից եղան, որ ասացին չպետք է լինի կամ-կամ, պետք է լինի՝ «ինչպես նաև»», -Բեռլինում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՏՄ կազմում ընդգրկվելուց հետո ԵՄ-ի կողմից հայկական կողմի վրա ճնշումներ կան:
Հայ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ էր ճիշտ ԵՏՄ-ին անդամակցելը, դեսպանը արձագանքեց. «Ես պարտավոր եմ հետևել և շարժվել ՀՀ արտաքին քաղաքականության դրույթներով: Այսօր ՀՀ տնտեսության պահանջարկն էր ԵՏՄ-ն, եկեք տնտեսական իմաստով անկեղծ լինենք: Կոնյակը, որ համարվում է Հայաստանի ամենակայացած բրենդը, վերցրեք, թե քանի՞ ընկերություն են կոնյակ արտադրում Հայաստանում, բացի ՊեռնոՌիկարից, որը ի վիճակի է արտերկիր կոնյակ արտահանելու, ես ուրիշ ընկերությունների չգիտեմ: Գնացեք, արտադրողին համոզեք, որ` գիտե՞ս ինչ կա, էդ կոնյակդ մի հատ հանի Բրյուսել, նախ փորձաքննություններ թող անցնի, ստանաս սերտիֆիկատ որ էդ կոնյակը կոնյակ է, համապատասխանում է կոնյակի կամ բրենդիի այն չափորոշիչներին, որոնք նախատեսված են Բրյուսելում, ու այդ ամենից հետո կգաս Եվրոպա, գովազդի համար այսքան փող կծախսես, այսինչ մարդուն կբերես մեկ ամսով այս ընկերությունում կանգնի, վաճառի, համոզի, անելուց հետո դու կփորձես եվրոպական շուկայում մի փոքրիկ նիշայում տեղավորվել ու հարց է՝ դա անելուց հետո կտեղավորվե՞ս, թե՞ չես տեղավորվի»:
Լրագրողը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանի տնտեսությունը չի ակտիվանում, ավելին գործարարները գոհ չեն, դիվանագետը պատասխանեց. «Հայաստանի տնտեսության ոչ բարեհաջող թվերը դուք համարում եք, որ ԵՏՄ-ին միանալու պատճառո՞վ են, թե՞ ընդհանուր ՌԴ-ի պատժամիջոցների: Մեծ մասը պատժամիջոցների արդյունքում է, վստահ եղեք»:
Դեսպանի խոսքով, Հայաստանի ՀՆԱ-ի մեծ տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը:
«Որքան ուզում ենք մենք սիրենք ու սիրահարվենք մեր ծիրանին, որ լավն է, բայց մեր ծիրանի ապրողունակությունը գիտենք` որքան կարճ է: Փորձեք նույն ծիրանը հանել իսպանական, ֆրանսիական անհամ, անհոտ ծիրանի հետ եվրոպական շուկա: Շատ դժվար է մեր ծիրանի համար մրցակցությանը դիմանալ: Մենք մեղրն ենք ասում՝ հայկական մեղրը, գիտե՞ք ինչ մեղրներ կան: Ուզում եմ ասել` խոսենք այն մաիսն, ինչ ունենք: Այս ամեն ինչին գումարած էներգակիրների խնդիրը և ամենակարևորը՝ անվտանգության խնդիրը», -ներկայացրեց նա:
Ըստ դիվանագետի, եվրոպական շուկայում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ էր գոնե պատկերացում ունենալ եվորապական շուկայի մասին, ինչը, սակայն չի եղել: