Ադոլֆ Հիտլերը գերմանական Ռայխստագում է` ջնջված, վնասված ու չվերականգնված
Բեռլինի սրտում և նախկին բեռլինյան պատի տարածքում կանգնած Ռայխստագը, որտեղ հենց Բունդեսթագն է կամ նույն խորհրդարանը, ամենևին նման չէ Հայաստանի Ազգային ժողովին թե արտաքին տեսքով, թե ներքին հարդարանքով, թե պատմությամբ և թե պատգամավորների քաղաքակրթվածությամբ:
Ռայխստագի շենք ելումուտը, օրինակ, լրագրողների համար, ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի, ազատ է, հավատարմագիր չի պահանջվում: Ավելին, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն խմբակցության անդամ Մարտին Պետցոլդի օգնական Մարթենզը զարմացավ, երբ նրան տեղեկացրինք հայաստանյան կարգի մասին, որի համաձայն, լրագրողները պետք է պարտադիր հավատարմագրվեն, իսկ անցակետում` մի լավ զննվեն:
Փոխարենը Բունդեսթագում մինչև ուղնուծուծը, ինչպես օդանավակայանում, զննում են հյուրերին:
Գերմանական «Deutsche Gessellschaft» ասոցիացիայի հրավերով Բեռլին մեկնած հայ լրագրողների համար Մարթենզը շրջայց կազմակերպեց Ռայխստագի ներսում: Նախ ներկայացրեց պատմությունը, որի առանձին տարրեր խնամքով պահպանված են նկուղային հարկում բացված թանգարանում: Ապակիների հետևում բահն է, որով փորել են ու հետո կառուցել գերմանական ժողովրդավարության խորհրդանիշ համարվող շենքը, պահպանվել է թունելը, որը կապել է Արևմտյան և Արևելյան Գերմանիան:
Առանձին խնամքով, երկաթյա արկղերի տեսքով պահպանվում են բոլոր ժամանակների պատգամավորների անունները: Մարթենզը ցույց է տալիս մի արկղ, որը ներկված է սևով, նշում տարեթիվը` 1939-1945 և ասում` «Սա մեր պատմության սև էջն է»:
Panorama.am-ի թղթակցի խնդրանքով Մարթենզը երկար փնտրելուց հետո գտավ Ադոլֆ Հիտլերի անվամբ արկղը ու զգուշացրեց` «վնասված է»: Դրա վրա Հիտլերի անունը մաքրված էր հետո ու այդպես էլ չվերականգնված, իսկ արկղը վնասված: «Նա մեր Կանցլերն է եղել, մեր պատգամավորներից մեկը», -լրացնում է Մարթենզը:
Նիստերի դահլիճը պարզ է, առանց ոսկեզօծված ու շքեղ հարդարանքի: Աթոռները բաց մանուշակագույն են: Մարթենզն ասում է` այդ գույնն է ընտրվել, որովհետև գերմանացիների սիրելի գույնն է ու չեզոքություն է խորհրդանշում:
Այնուհետև ներկայացնում է Բունդեսթագի պատգամավորների քվեարկության կարգը, ասաց գաղտնի է և յուրաքանչյուր կոճակ` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» իր գույնն ունի: Հետաքրքրվեցինք` արդյոք պատգամավորները կարող են քվեարկել միմյանց փոխարեն: Մարթենզը նախ զարմացավ հարցից ու շտապեց ավելացնել. «Ոչ, ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել: Դա ի՞նչ կապ ունի ժողովրդավարության հետ»: Այստեղ, պատգամավորների շարքերում, նրա խոսքով, օլիգարխներ, գործարարներ չեք գտնի. «Նրանք գիտնականներ են, իրավաբաններ, բայց ոչ գործարարներ կամ երգիչներ»:
Նիստերի դահլիճում կառավարությունն իր տեղն ունի, պատգամավորները` իրենց: Բոլոր նստատեղերը գրեթե հավասար են` ոչ մեկը մյուսից առավել չէ: «Սա ժողովրդավարության ու հավասարության ցուցանիշ է», -ասում է Մարթենզը: Կառավարման խորհրդարանական մոդելով աշխատող երկրի օրենսդիր մարմինը` Բունդեսթագը հասարակության հսկողությամբ է աշխատում, նրա աչքի առաջ. քաղաքացիները, զբոսաշրջիկները կարող են գալ Ռայխստագի շենք, բարձրանալ ու գմբեթից դիտել պատգամավորների աշխատանքը: Գմբեթը թափանցիկ է: «Մենք աշխատում ենք թափանցիկ, ոչինչ հասարակությունից չենք թաքցնում», -ասում է պատգամավորի օգնականը:
Բունդեսթագի ներսում փոքրիկ հյուրեր էլ կային` շրջում էին, սնվում, ուրախ վազվզում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին