Իրականում ռուս-թուրքական հարաբերություններում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին. Աշոտ Եղիազարյան
«Մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը, ռուս-թուրքական հարաբերությունները, կարծես, անամպ էին, բայց իրականում այդ հարաբերություններում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:
«Այսինքն՝ համարել, որ դա պատահական, հանկարծակի ինչ-որ մի առիթով սկսված գործընթացներն են, կարծում եմ, սխալ է»,- ավելացրեց տնտեսագետը:
Նրա խոսքերով՝ ռուս-թուրքական հարաբերություններում ստորջրյա խութեր առաջացել էին այն ժամանակ, երբ Արևմուտքը Ռուսաստանի դեմ սկսեց պատժամիջոցներ կիրառել և իրականացնել Ռուսաստանի մեկուսացման քաղաքականություն:
Ա.Եղիազարյանն ասաց, որ մինչև այդ դեպքերը Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հասնում էր շուրջ 44 մլրդ դոլարի, ինչը, տնտեսագետի գնահատմամբ, ահռելի ցուցանիշ է: Ըստ նրա՝ 27,5 մլրդ դոլարը կազմում էր Ռուսաստանի արտահանումը, մնացածը՝ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան: Ընդ որում, Ռուսաստանը Թուրքիայի ներմուծման ընդհանուր կառուցվածքում ուներ գրեթե 10 տոկոս բաժին, որը ավելին էր, քան Գերմանիայինը և Չինաստանինը: Իսկ Ռուսաստանի ներմուծման մեջ Թուրքիային բաժին էր հասնում 3.8 տոկոս:
Բանախոսը նշեց, որ նախատեսվում էր իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ Թուրքիայում պետք է կառուցվեր նոր ատոմակայան:
«Թվում էր, թե այդ հարաբերություններին ոչինչ չէր սպառնում, բայց Թուրքիան Ռուսաստանի մեկուսացմանը զուգահեռ հայտնվեց երկընտրանքի առաջ. շարունակել հարաբերությունները, նշանակում էր իրեն կապել ռիսկերի ու անորոշությունների հետ, որը լուրջ բարդություններ կստեղծեր Թուրքիայի ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում: Ի վերջո ԵՄ-ին բաժին է ընկնում Թուրքիայի արտադրանքի 42 տոկոսից ավելին, 22 տոկոսն էլ բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի երկրներին: Այսինքն՝ այս տարածաշրջանները Թուրքիայի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան Ռուսաստանը»,- ընդգծեց Ա.Եղիազարյանը:
Իրականում, ըստ տնտեսագետի, ստեղծված իրավիճակից երկու կողմերն էլ տուժում են: Թուրքիան կորցնում է Ռուսաստանում սպառողական ապրանքների, շինարարական ծառայություններ մատուցելու շուկաները, բայց ամենամեծ կորուստը կգրանցվի զբոսաշրջության ոլորտում. «Թուրքիան կորցնում է ռուս զբոսաշրջիկներին, որոնք կազմում են Թուրքիայի զբոսաշրջության 12 տոկոսը: Այնպես որ, Թուրքիայում հասկանում են՝ կորուստներ լինելու են: Թուրքիայում հնչում են տեսակետներ, որ կկրեն մինչև 20 մլրդ դոլարի վնաս, ինչը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսը»:
Ռուսաստանն էլ իր հերթին կորցնում է գազի շուկան, որը կազմում է «Գազպրոմ» ընկերության արտահանման շուրջ 20 տոկոսը: Տնտեսագետի խոսքերով՝ «Գազպրոմ»-ը Թուրքիա տարեկան արտահանում է շուրջ 27 մլրդ խմ գազ. «Բնականաբար, սրանով կկրճատվեն «Գազպրոմ»-ի եկամուտները, որոնք առանց այն էլ կրճատվել են էներգառեսուրսների նվազման պայմաններում»:
Սակայն, տնտեսագետի խոսքերով, Թուրքիան արդեն նախատեսել է, որ մինչև 2018թ-ը Ռուսատանից էներգակիրներ չի ներմուծելու և այս տարվա դեկտեմբերին սեղմված գազ ներմուծելու համար բանակցություններ է սկսել Քաթարի հետ: Նշվեց նաև, որ Թուրքիան գազ ներմուծում է Իրանից, Ալժիրից, Նիգերիայից, բնականաբար, կփորձի գտնել նոր աղբյուրներ այդ ծավալները մեծացնելու համար և կոմպենսացնել այն կորուստները, որոնք կարող է ստանալ Ռուսաստանի գազի մատակարարման դադարեցման դեպքում:
Ինչ վերաբերում է պարենամթերքին, Ա.Եղիազարյանը նշեց, որ թուրքական պարենամթերքի արտահանումը Ռուսաստան այդքան էլ մեծ թիվ չի կազմում: 2014թ-ին այն կազմել է շուրջ 1.2 մլրդ դոլար, իսկ 2015թ-ին կրճատվել է գրեթե 30-40 տոկոսով: Հիմնականում Ռուսաստան արտահանվել է տոմատի մածուկ, ցիտրուսային մրգեր և խաղող, ինչը կազմում է ներմուծման 20 տոկոսը: «Այս ապրանքների արագ չփոխարինման դեպքում կարող է գնաճ ստեղծել Ռուսաստանում»,- ընդգծեց տնտեսագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին