Ինչպիսին են ԱՊՀ երկրները ռուսաստանցիների աչքերով. Հարցում
Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում անցկացված հարցման արդյունքները, որտեղ արտահայտված է ԱՊՀ երկրների և նրանց ղեկավարների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը:
Հարցման ընթացքում ռուսաստանցիները գնահատել են, թե որքան հաջողակ են ԱՊՀ երկրները, որ երկրին կցանկանային տեսնել Ռուսաստանի դաշնակցի դերում, որտեղ են պաշտպանված ռուսախոս բնակչության իրավունքները և որ երկրի ղեկավարին են ամենաշատը վստահում:
Հարցման արդյունքների համաձայն` ռուսաստանցիներն ամենաշատը համակրում են Բելառուսին և Ղազախստանին: Հարցվածների 72%-ը որպես ԱՊՀ ամենահաջողակ երկիր նշել է Բելառուսը, իսկ 50%-ը` Ղազախստանը: Մյուս երկրները նշանակալիորեն զիջում են առաջատարներին: Մասնավորապես Հայաստանին այս կատեգորիայում հիշատակել են հարցվածների 11%-ը, Ադրբեջանին` 10%-ը, Վրաստանին` 6%-ը, Ղրղզստանին` 4%-ը, իսկ մնացած երկրներին` 3%-ը և ավելի քիչ:
Նմանօրինակ միտում է նկատվում նաև Ռուսաստանի գլխավոր գործընկերոջ հարցի պատասխանաններում: Ըստ ռուսաստանցիների` Ռուսաստանի լավագույն գործընկերներն են Բելառուսը և Ղազախստանը, որոնց հիշատակել են հարցվածների 68%-ը և 53%-ը համապատասխանաբար: Հայաստանին որպես գլխավոր գործընկեր հիշատակել են հարցվածների 10%-ը, Ղրղզստանին` 7%-ը, Ադրբեջանին` 5%-ը, իսկ մյուսներին` 3% և ավելի քիչ:
Հարցման արդյունքներով` ռուսախոս բնակչության իրավունքներն առավել հաջող պաշտպանված են կրկին Բելառուսում (69%), Ղազախստանում (32%), այնուհետև` Հայաստանում (6%), Վրաստանում և Ադրբեջանում (3%), իսկ մյուս երկրներում` ավելի քիչ:
Հարցման վերջին կետը վերաբերել է ԱՊՀ երկրների գործող ղեկավարներին, թե ու՞մ են ավելի շատ վստահում ռուսաստանցիները: Ըստ հարցվածների` ամենամեծ վստահությունը վայելում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (63%), Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (45%), այնուհետև` Իլհամ Ալիևը (6%), Սերժ Սարգսյանը (5%), Ալմազբեկ Աթամբաևը (4%), Իսլամ Քարիմովը և Գեորգի Մարգվելաշվիլին (2%), իսկ մյուսները` 1%-ից քիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին