Գրիպի երկրորդ մեծ ալիքը սպասվում է փետրվարին. Արա Ասոյան
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված են շնչառական հիվանդությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Անդրադառնալով գրիպին, մասնավորապես, H1N1 (խոզի գրիպ) գրիպին, Ա.Ասոյանը նշեց, որ այս պահին լուրջ վիճակ չկա, որ հարկ լինի կտրուկ քայլերի դիմել: Ըստ նրա՝ մեր երկրում հայտնաբերված երեք դեպք կա, սակայն հնարավոր է, որ այլ չհայտնաբերված դեպքեր լինեն, քանի որ բոլորը չէ, որ դիմում են բժշկի:
«Սովորաբար, այն նման է սովորական գրիպին և նախանշաններ նկատելու, ջերմություն ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ սրանք տարբերակել կարող է միայն բժշկական հետազոտությունը»,-ասաց Արա Ասոյանը՝ հավելելով, որ այժմ այդ հիվանդությունն ավելի մեղմ տարածվածություն և սրվածություն ունի, քան 2009 թվականին էր:
Ինչ վերաբերում է սովորական գրիպի դեպքերին, ապա, նախորդ տարվա համեմատ, դրանք ավելի շատ չեն։ Գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, սպասվում է փետրվարին և կնահանջի գարնանը: Ա.Ասոյանը նշեց նաև, որ գրիպով հիվանդ մարդիկ չպետք է անտեսեն իրենց վիճակը և բազմապիսի խնդիրներից խուսափելու համար պետք է դիմեն մասնագետներին։
Անդրադառնալով աղիքային վարակներին՝ նա ասաց, որ բավական ակտիվ աշխատանքային տարի է եղել իրենց համար. «Դրան նպաստեց նաև այն աննախադեպ շոգը, որ գրանցվեց այս տարի: Հետևաբար, եղան նաև շոգին բնորոշ աղիքային ինֆեկցիաներ, և բարեբախտաբար, տարվա ընթացքում զոհեր չեղան»,-ասաց մասնագետը՝ նշելով, թե տարվա ընթացքում ավելի շատ դեպքեր գրանցվեցին մարզերում, քան՝ մայրաքաղաքում:
«Այս տարի ավելի շատ ճամբարներ էին գործում: Ճամբարներում միշտ չէ, որ մասնագետները տիրապետում են առողջ սննդի կարգուկանոնին, դա էլ իր հերթին նպաստեց, որ մի քանի ճամբարներում թունավորման դեպքեր գրանցվեն»,-ընդգծեց Ա. Ասոյանը:
Ինչ վերաբերում է ամանորյա սննդակարգին, ապա գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, որ պետք է զգուշանալ հատկապես բազմատեսակ սնունդ ընդունելուց, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումից։