ՀՑԹԻ արձանագրած ձեռքբերումներն աննախադեպ էին. Սուրեն Մանուկյան
Տարին վկայեց, որ Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրության համար ամենակարևոր վայրը Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտն է, քանի որ այն ունի ամենամեծ արխիվը այս թեմայի շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմաննն ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն՝ ասաց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
«Պատահական չէ, որ դրսից շատերն են գալիս այստեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու համար: Այդ նպատակով էլ ձեռնարկել ենք Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս օտարազգի գիտնականներին հետազոտություն անցկացնել ՀՑԹԻ և այլ հայաստանյան արխիվներում ու գրադարաններում»,-ասաց թանգարանի փոխտնօրենը:
Անդրադառնալով տարվա ընթացքում արձանագրած ձեռքբերումներին՝ նա առանձնացրեց ՀՑԹԻ թանգարանային միջազգային համագործակցությունը և համագործակցության հուշագրերը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ՇՈԱ հիմնադրամի, Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի , Կանադայի մարդու իրավունքների թանգարանի, Լիդիցեի հուշահամալիրի, ռուսաստանյան «Հոլոքոստ» կենտրոնի, Սանկտ-Պետերբուրգի Բլոկադայի թանգարանի, Մոսկվայի Երկրորդ աշխարհամարտի թանգարանի և այլ թանգարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ:
«Տարվա ընթացքում բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, որոնցից ամենակարևորը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովն էր»,-ասաց Ս. Մանուկյանը:
Նա նշեց, որ ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցել են ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովների Կոպենհագենում, Չիկագոյում, Նյու-Յորքում, Բեռլինում, Էդինբուրգում, Սիենայում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Ռիգայում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում:
Նա տարին նաև կարևորեց նաև գրահրատարակչության առումով: ՀՑԹԻ-ն 2011-2015 թթ հրատարակել է մոտ 70 միավոր գրականություն՝ հայերեն, ռուսերեն, անգրերեն և ֆրանսերեն ժողովածուներ, մենագրություններ և գրքեր:
ՀՑԹԻ թանգարանի հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ տարին աննախադեպ էր այցելուների քանակով, այդ թվում նաև թուրք այցելուների. ««Տարվա ընթացքում թանգարանային նոր ցուցադրության հետ ծանոթացել է մոտ 72000 այցելու:
Արարողակարգային այցերից նա առանձնացրեց բազմաթիվ պետության ղեկավարների, նախագահների այցը. «Հայաստան այցելեց մոտ 71 երկրի պատվիրակություն, իսկ ՀՑԹԻ այցելեցին ՌԴ-ի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանն ընդգրկվել է Forbes-ի հիշատակի թանգարանների ցանկում՝ որտեղ պետք է այցելի յուրաքանչյուրը: