Բագրատ Ասատրյան. Մեր երկիրը շատ վաղուց չի զարգանում
«Կարծում եմ, բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր երկիրը շատ վաղուց չի զարգանում նախ և առաջ տնտեսությունում առկա իրավիճակի պատճառով»: «Մեդիա կենտրոն»-ում «2015 թվականի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998թթ.) Բագրատ Ասատրյանը:
Նրա կարծիքով, երկրում տեղի են ունենում խորքային լուրջ երևույթներ, որոնց մասին խոսել ու մեկնաբանություններ տալ խուսափում են: Տնտեսագետը 4 լուրջ խնդիր է առանձնացրել, որոնք կանխորոշելու են երկրի հետագա զարգացումը: Դրանք են՝ աղքատությունը, արտագաղթը, մենաշնորհները, կոռուպցիան:
«Ես հերթականությունը պայմանական ասացի, սակայն սրանք այն գլոբալ պրոբլեմներն են, որոնք չլուծելով մեր երկիրը շարունակելու է նահանջել: Սրանց առկայության պարագայում եթե նույնիսկ ցուցանիշները լինեն 6-7 տոկոս, էլի ոչինչ չի փոխվելու»,-ասաց նա:
Բ. Ասատրյանն ընդգծեց, որ տնտեսության մեջ ու կյանքում ամեն ինչ պետք է փոխկապակցված լինի. «Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.1 տոկոս է, դա նշանակում է, որ 2014-ի համեմատ հասարակությունն այդքան տոկոսով ավելի լավ է ապրելու: Այդ պարագայում անհասկանալի է, աղքատության մակարդակն ինչո՞ւ է մեծանում, որևէ կերպ հասկանալի չէ, թե մարդիկ ինչո՞ւ են թողնում, փախնում էս երկրից»:
Գալով ԱՎԾ հրապարակած վիճակագրությանը, հիշեց, որ դեռ տարեսկզբին կանխատեսել էր՝ Հայաստանը կանգնած է երկնիշ տնտեսական անկման դիմաց, հաշվի առնելով տրանսֆերտների, ներդրումների ծավալների նվազումն ու այլ գործոններ:
«Տարին երբ ամփոփվեց, ես փորձեցի ինքս ինձ գնահատել: Նախ ասեմ, որ հավանաբար, ես թվաբանությունից ինչ-որ բան չեմ հասկանում: Աճի դրայվերները հայտարարվեցին, գյուղատնտեսությունը 11.7 տոկոս աճ է գրանցել: Ես չեմ զլացել, հանել եմ նախորդ տարվա մամուլի հաղորդագրությունը՝ տնտեսության նախնական ցուցանիշների վերաբերյալ: Ես երեք թիվ եմ ասելու, անցած տարվա տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 993 մլրդ դրամ: Այս տարի կազմել է 1 տրիլիոն 2 մլրդ դրամ: Այսինքն աճը կազմել է 9 մլրդ դրամ: Իմ պատկերացմամբ, դա մեծ չի 1 տոկոսից: Ես չեմ հասկանում»,-ասաց Ասատրյանը:
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ բարձրացրած խնդրին համամիտ է, ճիշտ կլիներ կառավարությունը պատասխաներ հարցին:
Մելքումյանն ուշադրություն հրավիրեց հարցին, որ բերքատվության ցուցանիշներն ավելացել է, սակայն դրանից գյուղացին չի ուրախացել:
«Խնդիրն այն է, որ չնայած բնամթերքի ծավալներն ավելացել են, բայց գնային գործոնով չեն ավելացել: Դա նշանակում է, որ բերքը մթերվել է շատ ցածր գնով, գյուղացին շահույթ չի ստացել, հազիվ իր ծախսերն ու պարտքերն է փակել կամ չի էլ փակել, նույնը կարելի է ասել արդյունաբերության ոլորտի աճի մասին»,-ասաց նա: