Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խումբը պատրաստվում է դիմել վարչապետին
Այսօր տեղի է ունեցել Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խմբի նիստը: Նախաձեռնող խմբի անդամներ են հեղինակավոր մտավորականներ՝ մշակութային գործիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, պատմաբաններ, ՀՀ Աժ պատգամավորներ, գործարարներ, ՋԱՀ-ի հիմնադիրներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամից հայտնում են, որ նիստին քննարկվել են Ջիվանու 170-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառումները, դրանց ժամանակացույցը. Ներկայացվել է գլխավոր միջոցառման՝ ՋԱՀ-ի կողմից նախաձեռնած Ջիվանու հայրական Կարծախ գյուղում նրա տուն-թանգարանի հիմնման ընթացքը, այս տարվա մարտ ամսին կայանալիք բարեգործական համերգ-ճաշկերույթի, աշուղ Ջիվանու 170-ամյակին նվիրված պատկերազարդ երգարանի հրատարակման, ջավախքցի նկարիչ Վիկտոր Հավհաննիսյանի նկարների ցուցահանդես-վաճառքի ծրագրերը, որոնցից ստացված հասույթը կուղղվի տուն-թանգարանի հիմնման ծրագրի իրականացմանը, Թիֆլիսում, Ջավախքում և այլուր աշուղին նվիրված միջոցառումները:
Նշվել է նաև, որ Ջավախքում և Թիֆլիսում Ջիվանու 170-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման մասով առկա է պայմանավորվածություն և սերտ համագործակցություն Ջավախքի տեղական իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն հետ:
Նախաձեռնող խումբը որոշել է նաև նամակով դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով աշուղին նվիրված միջոցառումների ու ծրագրերի համակարգման նպատակով իր գլխավորությամբ ստեղծել աշուղ Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:
Աղբյուրը նշում է, որ հիմնադրամը Ջավախքում Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը նախաձեռնել էր 2014 թ.-ի դեկտեմբերին, որը խիստ արդիական է աշուղի` մեզ ավանդած մշակութային ժառանգությունը ներկայացնելու և վերաարժևորելու տեսանկյունից, և որ ի դեմս այս հոգևոր կենտրոնի` ջավախահայության և համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր-մշակութային հաստատություն: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա «Ջիվանական օր» տոնակատարությունների շրջանակներում՝ այսպիսով նշանավորելով մեծահռչակ աշուղի 170-ամյակը: