Իրանը Ռուսաստանից T-90 մոդելի տանկ չի գնի
«T-90 մոդելի տանկ գնելու հարցը դուրս է եկել օրակարգից»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով Ռուսաստանից T-90 մոդելի տանկ գնելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Զինված ուժերն անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովելու հարցում T-90 տանկ ունենալը մեր առաջնահերթություններից է: Այդ մասին մենք զեկուցել ենք ԻԻՀ ԶՈւ ընդհանուր շտաբին, սակայն, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, T-90 մոդելի տանկ գնելու հարցը դուրս է եկել օրակարգից, մենք նպատակ ունենք տեղական տանկ արտադրել»:
Հավելենք, որ որ 2015թ. ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, որը 2015թ. մայիսին պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա, տեղեկացրել է, որ Թեհրանն ու Մոսկվան S-300 ՀՀՊ համակարգի հանձնման մասին բանակցություններն արդեն ավարտել են, և Ռուսաստանը մոտ ապագայում այդ համակարգերը կհանձնի Իրանին: