ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրելը նախագահի որոշելիքն է. ՀՀԿ-ական
«Հանրապետական կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը Գործադիր մարմինն է: Առաջիկա օրերին մենք ունենք նիստ, որից հետո մենք կունենանք համագործակցության և դաշտի, և ֆորմատի մասին վերջնական որոշում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությունում խորհրդի նիստ հրավիրելուն, Թադևոսյանն ասաց, որ Խորհրդի նիստը կհրավիրվի Գործադիր մարմնի նիստից հետո, երբ անհրաժեշտություն կառաջանա: «Թե երբ կհրավիրի խորհրդի նիստ, դա նախագահի որոշելիքն է», -փոխանցեց Թադևոսյանը:
Այսօր «Հրապարակ»-ը, վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին, գրել էր, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որտեղ քննարկելու են կառավարության կազմի փոփոխությունների վերաբերյալ հարցը: Մինչդեռ Կառավարությունում ԱԺ արտահերթ նիստի մասին տեղյակ չէին: Ավելին, քաղաքական պաշտոնների վերաբերյալ հարցերը, ինչպես Թադևոսյանը փոխանցեց, նախ քննարկվում են ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերում, այնուհետև` ներկայացնում կառավարություն:
«Երբ քաղաքական պաշտոններին մենք թեկնածուներ ենք ներկայացնում կամ առաջադրում, դա արդեն որոշում է կուսակցության գործադիր մարմինն ու խորհուրդը», -ասաց Թադևոսյանը:
Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովն էր ԳՄ նիստից հետո հայտարարել, որ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը և խորհուրդը վերջնականապես կքննարկեն և հանրության դատին կներկայացնեն ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում