ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել Արևելյան Եվրոպայում իր զորախումբը
ՆԱՏՕ-ն ծրագրում է Արևելյան Եվրոպայում մեծացնել իր զորախումբը: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «The Wall Street Journal» հանդեսը՝ հղում անելով Հյուսատլանտյան դաշինքում իր աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը ամենայն հավանականությամբ կընդունվի հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: Դրա հետ մեկտեղ չի հաղորդվում զորքերի այն ստույգ թիվը, որը կպարտավորվի տրամադրել դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր: Այս ամենը կորոշվի ավելի ուշ:
Նշվում է, որ այս քայլը նախևառաջ կվերաբերի Մերձբալթյան երկրներին, ապա Լեհաստանին: «Ռոյթերզ» լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Դաշինքը չնայած պաշտոնական Վարշավայի խնդրանքին, պատրաստ չէ այդ երկրի տարածքում տեղակայել իր մշտական ռազմաբազաները:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորախմբի ավելացումը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կհամարվի ամենալայնածավալ գործողությունը: Իր արևելյան թևն ամրապնդելու մտադրությունը Դաշինքը պատճառաբանում է Ռուսաստանի գործողություններով, մասնավորապես՝ Ղրիմի ՌԴ կազմում ընդգրկման փաստով:
ՌԴ-ն, իր հերթին, բազմիցս հայտարարել է այն մասին, որ զորախմբի այս չափերի ավելացումը կդիտարկի որպես իր ազգային անվտանգությանը անմիջական սպառնալիք:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպայում իր դաշնակիցների ռազմական աջակցության համար նախատեսված միջոցները 800 միլիոն դոլարից հասցնել 3.4 միլիարդ դոլարի: