Քյոլնում ուղիղ եթերում լրագրողուհին ենթարկվում է սեռական ոտնձգությունների
Բելգիական հեռուստաալիքի լրագրողուհի Էսմերալդա Լաբիեյի նկատմամբ տղամարդիկ սեռական ոտնձգություններ են արել, երբ նա ուղիղ եթերում ռեպորտաժ է վարել գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցող կարնավալից: Քյոլնի քաղաքապետարանը ներողություն է խնդրել RTBF հեռուստաալիքի լրագրողուհուց այդ միջադեպի պատճառով: Այս մասին հաղորդում է «Life News»-ը հղում անելով «Local» հանդեսին:
Նշենք, որ հեռուստալրագրողուհի Էսմերալդա Լաբիեյի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարող տղամարդկանց ամենևին չի կանգնեցրել գործի դրված տեսախցիկը: Տեղի ունեցածը ցուցադրվել է հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Սկզբում նրանք ընդամենը ծամածռվում էին տեսախցիկի առաջ, հետո նրանցից մեկի ձեռքը հայտնվեց կրծքիս վրա, ես ապշած էի»,- պատմում է Էսմերալդա Լաբիեն:
Մի շարք հեռուստաալիքների կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են կնոջ ետևում հայտնվում երեք տղամարդ, մի քանի վայրկյան հետո նրանցից մեկը մոտենում է լրագրողուհուն և սկսում է սեռական ակտը նմանակող շարժումներ կատարել: Ապա կարգազանցին է մոտենում միջոցառման անվտանգությունն ապահովող անձնավորություններից մեկը և հեռացնում վերջինիս:
Լրագրողուհու խոսքով, տեսախցիկը ոչ բոլոր անախորժություններն է ֆիքսել: Տոնախմբության ամենասկզբում, ինչ-որ մեկը համբուրել է նրա պարանոցը, իսկ եթերի ավարտից հետո երեք կարգազանցները կրկին մոտեցել են նրան անպարկեշտ առաջարկություններով:
Լրագրողուհուն առավել վրդովվեցրել է այն, որ տեղի ոստիկանության ղեկավարը կայացած մամլո ասուլիսի ժամանակ տոնակատարության անցկացման ընթացքի մասին իր խոսքում հայտարարել է, որ որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել: Դրանից հետո Լաբիեն որոշել է հայց ներկայացնել դատարան:
Լրագրողուհին նաև նշել է, որ նախկինում աշխատել է Աֆղանստանում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն այնտեղ նրան ոչ մի վատ բան չի պատահել: Նա վստահ է, որ կնոջ համար չպետք է լինեն արգելված տարածքներ և լրագրողուհիները իրավունք ունեն աշխատել ամենուրեք չենթարկվելով ստորացումների:
Լաբիեն, տոնակատարությունների ժամանակ միակ տուժածը չէ, բողոքներով ոստիկանություն է դիմել ավելի քան 20 կին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան